Jump to content

Պեգ Էնտուիսլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեգ Էնտուիսլ
Ծննդյան թիվ՝փետրվարի 5, 1908(1908-02-05)
Ծննդավայր՝Port Talbot, Միացյալ Թագավորություն[1]
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 16, 1932(1932-09-16) (24 տարեկան)
Վախճանի վայր՝Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ԱՄՆ
 Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություն՝կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
IMDb։ID 0258201

Պեգ Էնտուիսլ (անգլ.՝ Peg Entwistle, փետրվարի 5, 1908(1908-02-05), Port Talbot, Միացյալ Թագավորություն[1] - սեպտեմբերի 16, 1932(1932-09-16), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասանուհի։ Թատրոնում սկսել է հանդես գալ 1925 թվականից սկսած՝ խաղալով մի քանի բրոդվեյան ներկայացումներում։ Նկարահանվել է ընդամենը մեկ ֆիլմում՝ «Տասներեք կանայք», որը դուրս եկավ իր մահվանից հետո։ Ճանաչելի դարձավ այն բանից հետո, երբ ցած նետվեց «Hollywoodland»-ի H տառից՝ 24 տարեկան հասակում։

Ծնված 1908 թվականի փետրվարի 5-ին, մահացած 1932 թվականի սեպտեմբերի 18-ին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլլիսենտ Լիլիան Էնտուիսլը ծնվել է ուելսյան Պորտ-Տոլբոտ քաղաքում։ Իր կյանքի առաջին ութ տարիներն անցկացրել է Լոնդոնում։ Մայրը՝ Էմիլին, մահացել է շատ վաղ։ Մոր մահվանից հետո հայրն ամուսնացել է այլ կնոջ հետ։ Խորթ մայրը՝ Լաուրետտա Ռոսսը, դերասանուհի Ջեյն Ռոսսի քույրն էր։ Զույգն ունենում է երկու երեխա՝ Միլտոն և Ռոբերտ Բլիկսները։ 1916 թվականին հայրն ընտանիքը տեղափոխում է ԱՄՆ, որտեղ ստացել էր բրոդվեյյան պրոդյուսեր Չարլզ Ֆրոմենի մենեջերի աշխատանքը։

Հինգ տարի անց Պեգը կորցնում է թե հորը և թե խորթ մորը։ 1921 թվականին մենինգիտից մահանում է Լաուրետտա Ռոսսը, իսկ մեկ տարի անց՝ նոյեմբերի 2-ին, ավտովթարից մահանում է հայրը։ Երեխաների խնամքը ստանձնում է հորեղբայրը՝ Չարլզ Էնտուիսլը, որն այդ ընթացքում հանդիսանում էր դերասան Ուոլտեր Հէմպդենի մենեջերը։

Դեռ մանուկ հասակից Պեգն երազում էր դառնալ դերասանուհի։ 1924 թվականին մեկնել է Բոսթոն, որտեղ ընդունվել է Հենրի Ջուիտտի (ներկայումս՝ Հանթինգթոնի) թատերական ստուդիան։ Նրա ուսուցիչների շարքում էև ժամանակի հայտնի դերասանուհիներից Բլանշ Յուրկան։ Այս դերասանուհու ղեկավարությամբ Պեգը ստանում էր շատ դերեր ներկայացումներում։ 16 տարեկանում Պեգն արդեն հուսալի և խոստումնալից ապագա ուներ։ Առաջին դերերից մեկը եղել է «Վայրի բադ» պիեսում Եդվիգի դերը։ Այս դերով հիացել է Բետտ Դեյվիսը, ով իր հետագա հուշերում գրել էր, որ կուզենար նմանվել Պեգ Էնտուիսլին։ Այս ամենից հետո դերսանուհին ընդունվում է Նյու-Յորք թատերական խմբերից մեկը։

1925 թվականին, առաջին անգամ ելույթ է ունենում բրոդվեյյան ներկայացման մեջ։ Չնայած ունեցած դերը փոքրիկ էպիզոդ էր և ոչնչով աչքի չէր ընկնում, այնուամենայնիվ Պեգը կարողանում է ուշադրությունը սևեռել իր վրա։ 1926 թվականին արդեն բրոդվեյյան դեյբյուտը տեղի է ունենում արդեն Նյու-Յուրքյան խմբի կազմում։ Ցուցադրում էին «Մարդը Տորոնտոյից» պիեսը, որը հետագայում ունեցավ 28 ցուցադրություն։ Պեգի ամենահաջողված աշխատանքը դարձավ Սիդնի Տոլեռի հետ համատեղ ունեցած «Տոմմի» պիեսը, որը 1927 թվականին ունեցավ 232 ցուցադրություն։

1927 թվականին Պեգին ամուսանանում է դերասան Ռոբերտ Կիտի հետ։ Սակայն ամուսնությունը կարճ տևեց, քանի որ զույգը հայտարարեց բաժանվելու մասին։ Ըստ Պեգի, ամուսինը դաժան էր և չէր հայտնել այն մասին, որ նախկինում ամուսնացած է եղել ու ունի 16-ամյա երեխա։

Դերասանուհին ունենում է հոբելյանական շրջագայություն թատրոնի հետ կապված։ Այս ամենով անձամբ զբաղվում էր Բերնարդ Շոու։ Բնականաբար այս շրջագայությունների ընթացքում Պեգին ունենում է շատ դերեր և այդ ժամանակներում նա համարվում էր արդեն հայտնի դերասանուհի։ Ու անգամ եթե ներկայացումը վատ էր բեմականացվում կամ եթե Պեգին ունենում էր նույնիսկ փոքրիկ դեր ներկայացումներում, միևնույն է, նրա մասին մեծ հաճույքով էին խոսում թե քննադատները և թե հասարակ արվեստասերները։ Նրա համբավն օր օրի տարածվում էր և արդեն նրա մասին գրում էին ժամանակի հայտնի թերթերը։ Օրինակ New York Times-ի (1927) և Oakland Tribune-ի(1929) հոդվածները։

1932 թվականին, վերջին անգամ Պեգին դուրս է գալիս բեմ։ Դա «Alice Sit-by-the-Fire» ներկայացումն էր։ Այս տարիներին Պեգին ուներ արդեն հոգեբանական խնդիրներ։ Անգամ ներկայացումների ընթացքում ալկոհոլի չարաշահման պատճառով սկսել էր վատ համբավ ձեռք բերել։ Նույնիսկ հանդիսատսին էին վերադարձնում գնված տոմսերի գումարները, քանի որ դերասանուհու պատճառով չէր տեղի ունենում ներկայացումները։ 1932 թվականի մայիսին մեկնում է Լոս-Անջելոս։ Հունիսիսն որոշում է վերադառնալ Նյու-Յորք, սակայն «RKO» կինոստուդիան առաջարկում է մնալ և նկարահանվել «Տասներեք կանայք» ֆիլմում, այս կերպ ապագա բացելով դեպի մեծ կինոն։ Պեգին համաձայնվում է և ստանում իր կինոյում ունեցած առաջին և վերջին դերը։ Չնայած ֆիլմում հանդես էին գալիս ժամանակի ականավոր դերասանուհիներ՝ Միռնի Լոյը և Այրին Դաննը, այնուամենայնիվ ֆիլմը թեստային ցուցադրության ընթացքում չի արդարացնում սպասելիքները։ Ստիպված են լինում վերամշակել այն և զգալիորեն կտրում են Պեգի մասնակցությամբ հատվածը։

Այս տարիներին ԱՄՆ հասարակությունը հայտնված էր ճգնաժամում։ Դա Մեծն դեպրեսսիայի տարիներն էին։ Բնակչության քառորդ հատվածն անգործ էր, հասարակության գրեթե կեսը խեղճության մեջ էր։ Տեղի էին ունենում մի շարք բողոքի ակցիաներ, որոնք ունենում էին դաժան հետևանքներ։ Լոս-Անջելոսում ծայրահեղ դժվար էր գտնել դեր, իսկ գումարը հազիվ բավականացնում էր անհրաժեշտ միջոցների համար։ Ետ վերադառնալու գումար չկար։ Այս ծանր զգացմունքները օր օրի մաշում էին Պեգին և նա հաճախ էր հայտնվում խոր դեպրեսսիայի մեջ։ Իսկ երբ իմացավ այն մաիսն, որ իր դերը զգալիորեն կրճատվել է «Տասներեք կանայք» ֆիլմից, դերասանուհին վերջնականապես հուսահատվում է։

1932 թվականի սեպտեմբերի 16-ի ուրբաթ երեկոյան Պեգ Էնտուիսլը թողնում է գրություն իր հարազատներին, թե մեկնում է ընկերների մոտ։ Սրանից հետո նրան ողջ չեն տեսնում։ Սեպտեմբերի 18-ին ոստիկանություն գրանցվում է զանգ և անհայտ մի կին հաղորդում է, որ «Hollywoodland»-ի մոտ հանդիպել է կանացի կոշկի և խնամքով ծալած վերարկույի։ Իսկ մի փոքր հեռու գտել է կանացի պայուսակ, որի միջից գտել է նախասպանության գրություն։ Երեսուն մետրանոց կիրճից տեսել է մարմին։ Անհայտ այս կինը, խուսափելու հետագա հարցազրույցներից, գտնված պարագաները թողել է ոստիկանական բաժանմունքի դռան դիմաց։ Նկարագրած վայր հասնելով, ոստիկանները գտել են կոկիկ հանգնված կնոջ մարմին, բաց գույնի մազերով և կապույտ աչքերով։ Ոստիկանները վերականգնում են կատարվածի պատկերը. կինը բարձրացել է վեր ծառայողական աստիճաններով HOLLYWOODLAND, որ միաժամանակ հանդիսացել է H տառի կառկասը։ Ու 50 ֆուտ(15,2 մետր) բարձրությունից ցած նետվել։ Նախասպանության գրությունում գրված է եղել հետևյալը.

Հավանաբար ես վախկոտ եմ։ Ներեք ինձ ամեն ինչի համար։ Եթե ես սա անեյի մի փոքր շուտ, ապա շատերին կկարողանայի ազատել ցավից։
- Պեգ Էնտուիսլ

Հետազոտումը ցույց է տվել, որ մահը վրա է հասել ազդրի բազմակի ոսկորների կոտրվածքի հետևանքով։ Ալկոհոլ չի հայտնաբերվել օրգանիզմում։ Հաշվի առնելով, որ կնոջ մոտ չի եղել որևէ փաստաթուղթ, Los Angeles Times-ը տարածում է նախասպանության գրությունը, հույս ունենալով, որ ստորագրությունը ինչ-որ մեկը կճանաչի։ Արդյունքում ոստիկանություն է դիմում Պեգ Էնտուիսլի հորեղբայր Գարոլդը, որը ճանաչում և հաստատում է մարմնի իսկությունը։ Չնայած նրան, որ մահը ամենայն հավանականությամբ վրա է հասել հենց սեպտեմբերի 16-ին, սակայն վկայության գրքում նշված է սեպտեմբերի 18-ը՝ մարմնի հայտնաբերման օրը։ Պեգ Էնտուիսլի մարմինն այրում են և թաղում են հոր գերեզմանի մոտ, որը գտնվում էր Գլենդեյլում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 FamilySearch — 1999.
  2. 2,0 2,1 2,2 ACTRESS ENDS LIFE IN LEAP FROM SIGN / J. BellowsWashington: 1932. — Iss. 32284. — P. 3. — ISSN 0191-1406
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեգ Էնտուիսլ» հոդվածին։